Ի՞նչ է սպասվում Եվրոպային 2017-ին

Ի՞նչ է սպասվում Եվրոպային 2017-ին

Կիսվել

Եվրոպան 2016-ը հիշելու է որպես մղձավանջային տարի՝ սարսափելի ահաբեկչություններ Բրյուսելում, Նիսում ու Բեռլինում, խայտառակություն Կալեում ու բրեքսիթի ցնցումը։ Ցավոք 2017-ն էլ կարող է նույնը կրկնել, գրում է Guardian–ը։

Կամ կարող է չկրկնել։ Եթե 2016-ը մեզ ինչ -որ բան է սովորեցրել, ապա այն, որ կանխատեսումները անշնորհակալ զբաղմունք են, ու դրա համար էլ մենք գալիք տարվա համար իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար ենք առաջարկում։

Դատաստանի օրվա տարբերակը․ 2016-ին ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ կորցրած մայրցամաքում տարեսկզբին եւս մեկ մահաբեր ահաբեկչություն կլինի։ Դա ձեռնտու կլինի Գերտ Վիլդերսին, Հոլանդիայի ծայրահեղ աջ թեկնածուին, որը մարտի ընտրություններում դրա շնորհիվ հաղթանակ կտանի։

Գրեթե մեկ ամիս հետո՝ ապրիլին, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի նախօրեին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը օրեցօր ավելի բռնապետական վարքագիծ է դրսեւորում , կկորցնի համբերությունը։

Թուրքիան կբացի իր սահմանները եւ երկրում գտնվող հարյուր հազարավոր հուսահատ փախստականներն ու միգրանտները կկարողանան անարգել մտնել ԵՄ։

Այս իրադարձությունների ֆոնին Ֆրանսիայում կհաղթի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։

Հետեւելով Դոնալդ Թրամփի օրինակին, եվրոպական կառավարությունները կսկսեն հրաժարվել բազմակողմանի առեւտրային համաձայնագրերից ու փակել իրենց սահմաները։ Նիդեռլանդներում ու Ֆրանսիայում նորընտիր նախագահներ Վիլդերսն ու Լե Պենը կձեռնարկեն ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեներ։ Իտալիայում կսկսեն հնչել լիրային վերադառնալու մասին կոչեր, Հունաստանում նորից կասեն՝ «ի վիճակի չենք վճարել ու չենք վճարի», իսկ Բեռլինն ու Բրյուսելն էլ կպատասխանեն՝ այլեւս ոչ մի ֆինանսական օգնություն։

Իհարկե այս իրադարձություններից ոչ մեկն էլ անխուսափելի չէ։

Եվրոպական հետախուզական ծառայությունները կարող են բացահայտել ու կանխել ահաբեկչությունները, Թուրքիայում Էրդողանը կարող է վերջապես հանգել այն եզրակացության, որ Եվրոպայում կործանարար ճգնաժամի սկիզբն, ի վերջո, չի ծառայում իր երկարաժամկետ շահերին։

Բրեքսիթից հետո սկսված քաոսից ցնցված՝ եվրոպացիները կարող են ավելի զգուշավոր դառնալ աջ կուսակցությունների կոչերի հանդեպ ու նախապատվությունը տալ անվտանգությանը։

Իսկ Ֆրանսիայում դեռ ոչ ոք լրջորեն չի կարծում , որ Լե Պենի շանսերը կարող են զգալիորեն աճել, հետեւաբար Ֆիյոնը կարող է ապացուցել հարցումների իրավացիությունը ու վստահ հաղթանակ տանել։

Մերկելը Գերմանիայի ընտրողներին կարող է համոզել , որ ինքն է ամենահուսալի ընտրությունը, Հունաստանը ինչ -որ ձեւով կհաղթահարի իր դժվարությունները, ԵՄ-ն վերջապես կսկսի հասկանալ, որ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ քաղաքացիների պահանջները բավարարելու ու մտավախությունները փարատելու համար։

Սակայն այս ամենը կապակցված է բազմաթիվ «եթե»-ների, «գուցե»-ների, «բայց»-երի հետ։ Փչող քամին ամեն դեպքում անհանգստացնող է ու խոստանում է փոփոխություններ ամբողջ Եվրոպայում։ Զարմանալի կլինի, եթե դրա զոհերը չդառնան իսթեբլիշմենթի առնվազն եւս մի քանի ներկայացուցիչներ։

Մեկնաբանություններ