Վարդան Օսկանյանի որդին ու նրա ազգականը ձերբակալվել են առևանգման և ծեծի կասկածանքով....

Վարդան Օսկանյանի որդին ու նրա ազգականը ձերբակալվել են առևանգման և ծեծի կասկածանքով. Քննչական կոմիտե

Կիսվել

ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին և նրա ազգականը առևանգել և ծեծել են մի սփյուռքահայի:

«Քաղաքացին ահազանգել է իրեն առեւանգելու և ազատությունից զրկելու մասին. հարուցվել է քրեական գործ 2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել է քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սերադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով»,- հայտնեցին ՔԿ-ից:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

«Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն. Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք եւ նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը»,-հավելեցին Քննչական կոմիտեից:

Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը եւ Հ.Սերադարյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի  պարբերաբար:

 

Մեկնաբանություններ