Ամերիկյան կողմի՝ իրար հաջորդած հայտարարությունները պատահական չեն. Լեռնային Ղարաբաղում հնարավոր է՝ վերսկսվեն...

Ամերիկյան կողմի՝ իրար հաջորդած հայտարարությունները պատահական չեն. Լեռնային Ղարաբաղում հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները. «Ժողովուրդ»

Կիսվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամերիկյան հետախուզության կանխատեսումներով՝ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները: Նման հայտարարություն երեկ արել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացնելով հատուկ զեկույցը: «Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, նորից ի հայտ է եկել 2016 թվականի ապրիլին: Ավելին՝ կողմերի՝ փոխզիջումների չգնալը եւ ներքին ճնշման ուժեղացումը ենթադրում են, որ 2017 թվականին կարող են կրկնվել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»,- ասված է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի զեկույցում: Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի Atlantic Council վերլուծական կենտրոնում, խոսելով արցախյան հիմնախնդրի մասին, շեշտել է խաղաղության գնալու անհրաժեշտությունը. «Կրկին եկել է ժամանակը, որ կողմերը քաղաքական անկեղծ հանձնառություն ստանձնեն եւ պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության՝ հիմնվելով մինչ օրս կատարված աշխատանքի վրա: Իրատեսական չէ եզրակացնել, թե հազվադեպ հանդիպումները բավարար են տեւական խաղաղության հասնելու համար: Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են, բովանդակային երկխոսություն են ունենում՝ անդրադառնալով լուծման կարիք ունեցող առանցքային հարցերին: Մենք կուզենայինք, որ նախագահները կրկին դեմ առ դեմ հանդիպեին, եւ որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա:
 
Նկատենք, որ քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնախնդիրը, միշտ կա պատերազմի վերսկսման վտանգ: Սակայն միշտ չէ, որ այդ մասին խոսվում է նման բարձր մակարդակով, եւ այս առումով ամերիկյան կողմի՝ իրար հաջորդած հայտարարությունները պատահական չեն, ու դրանց պետք է լրջորեն վերաբերել: Հետաքրքիր է՝ ի՞նչ դասեր են քաղել իշխանությունները նախորդ տարվա ապրիլյան պատերազմից, ի՞նչ են արել՝ բացի համահայկական միջոցներով ԼՂՀ-ում առաջնագծի ուժեղացումից ու տեխնիկական հագեցվածություն ապահովելուց»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ