Սերժ Սարգսյանը նվաստացրեց ընդդիմությանը. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանը նվաստացրեց ընդդիմությանը. «Ժամանակ»

Կիսվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Միանգամայն կանխատեսելի էր, որ Երեւանի ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու: Դա կանխորոշված էր դեռ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ իշխանության վերարտադրության գործընթացում չի լինելու ռեսուրսի փոշիացման որեւէ դրսեւորում: Սակայն այն, ինչ ժամեր առաջ հրապարակեց ԿԸՀ-ն, ոչ միայն ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակ էր, այլեւ ընդդիմության կատարյալ կապիտուլյացիա, նվաստացում: ՀՀԿ-ն այս ընտրություններում փորձարկեց առանց բուֆերի՝ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի ընտրական գործընթաց կազմակերպելու գործընթացը եւ հաջողեց: Հարցը չի վերաբերում ընտրությունների որակին. նման խնդիր մեր քաղաքական օրակարգում նույնիսկ ձեւակերպված չէ, եւ ընտրությունները ոչ թե քաղաքական միջոցառում են, այլ համակարգային ռեսուրսների ցուցադրման եւ ռեալիզացիայի հայելի:

«Անցնցում ընտրությունների» մոդելավորումն աշխատեց նաեւ երեկ, եթե հաշվի չառնենք Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր հետ կապված միջադեպը, ինչն իշխանությունը հեշտությամբ վերագրել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահի էպոտաժին եւ էքսցենտրիզմին: Երեկվա ընտրությունները բացահայտեցին կամ ավելի ճիշտ՝ առարկայացրին մի քանի ակնհայտ իրողություն:

Առաջին՝ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է համակարգը, եւ 2018-ի գործընթացների մոդելավորման հարցում նրան է պատկանում վերահսկիչ փաթեթը: Երեկվա ընտրությունները Սարգսյանը կազմակերպեց «երկրորդ»՝ «երիտասարդական» կազմով, առանց «նոր ոգի» Կարեն Կարապետյանի եւ բուֆեր Գագիկ Ծառուկյանի: Սերժ Սարգսյանը ներհամակարգային մրցակիցներին հասկացրեց, որ իր տրանսֆորմացվող իշխանությանը «նոր դեմք» կարող է հաղորդել՝ առանց կողմնակի միջամտության:

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը երեկ պարզապես նվաստացրեց ընդդիմությանը՝ դրա առաջատար «Ելքին» եւ «Ծռության» քաղաքական նոր պատվիրակ «Երկիր ծիրանիին» հասկացնելով, որ ամբողջովին վերահսկում է նրանց էլեկտորալ պոտենցիալը: «Ելքը» Երեւանում ստացավ ճիշտ այնքան քվե, որ արձանագրել էր խորհրդարանի ընտրություններում: Սա խոսում է այն մասին, որ դաշինքն, ըստ էության, չունի զարգացման ռեսուրս, որովհետեւ երեկ իշխանություններին հաջողվեց նրան մեկուսացնել այն պոտենցիալ ընդդիմադիր էլեկտորատից, որը Երեւանի ընտրություններում «պարապ» էր մնացել ընդդիմադիր այլ ուժերի չմասնակցության հետեւանքով:

Երեւանի ընտրություններն, ըստ էության, զուրկ էին մրցակցային բաղադրիչից. խաղն ընթանում էր մեկ դարպասին, իսկ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» ընդամենը լեգիտիմացնում էին համակարգային նոր ստատուս քվոն: «Ելքը» նույնիսկ խոսեց համակարգի լեզվով՝ «15000»-ի առաջարկով չեղարկելով նոր ընդդիմության հայտը, որ ներկայացրել էր խորհրդարանական ընտրություններում: «Ծռության» պլատֆորմով հանդես եկող «Երկիր ծիրանին» քաղաքական աութսայդեր է՝ թե՛ գաղափարական եւ թե՛ ինստիտուցիոնալ առումով: Ըստ այդմ՝ Երեւանի ընտրությունները բացահայտեցին ընդդիմության բացահայտ վակուում՝ նոր ուժի ձեւավորման պահանջով:

Երրորդ՝ ընտրություններն առավելագույնս բացահայտեցին մեր հասարակության սոցիալական դեգրադացիան եւ լյումպենացումը: Մեր հասարակությունը «կրճատվել» է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ որակապես, ինչը իրական է դարձնում Հսյաստանում «կլիենտիզմի» կամ «տիրոջ եւ ծառայի» համակարգի ներդրումը:

Չորրորդ՝ Հայաստանում զարգացում, որակ կարող է առաջացնել միայն ֆորս-մաժորը, որը բովանդակությամբ պետք է մերժի թե՛ իշխանության «եվրասիականությունը» եւ թե՛ նրան հակադրվողների «ծռությունը»՝ դառնալով հարթակ մեր քաղաքակրթական զարգացման, Հայաստանի ու աշխարհի երկխոսության համար:

Ինչ մնում է ընտրությունների երեւանյան արձագանքին, ապա դրանց արդյունքներն ավելի կլանային կդարձնեն մայրաքաղաքի կառավարումը: Հանրային նման «վստահությունը» քաղաքային իշխանություններին զրկում է բարեփոխվելու եւ քաղաքային տնտեսությունը որակապես բարեփոխելու որեւէ մոտիվացիայից: Երեւանցիները դեռ երկար շարունակելու են օգտվել «մահվան» «Գազելներից» ու վերելակներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ
loading...