Վթարից հետո շատերն ինձ մոռացան, հրավերներ այլևս չեն անում. Ջուլիա Սաղաթելյան

Վթարից հետո շատերն ինձ մոռացան, հրավերներ այլևս չեն անում. Ջուլիա Սաղաթելյան

Կիսվել
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ջուլաի Սաղաթելյանը, ով 2015թ-ի նոյեմբերին ավտովթարի ենթարկվելուց հետո այլևս չի աշխատում:
Ավտովթարի հետևանքով դերասանուհին վնասել էր ողնաշարն ու աջ ոտքը: Սկզբնական շրջանում Ջուլիան դժվարությամբ էր քայլում, սակայն մեզ հետ զրույցում նշեց, որ լիովին առողջացել է.
«Փառք Աստծո, արդեն երկար ժամանակ է, ինձ լավ եմ զգում, լիովին առողջացել եմ, բայց վթարից հետո շատերն ինձ մոռացան, հրավերներ այլևս չեն անում՝ գուցե մտածելով, որ ի վիճակի չեմ աշխատելու, գուցե չեն ուզում անհանգստացնել, բայց իրականում ես պատրաստ եմ»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.
«Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ չեմ տխրում, որ չեմ աշխատում, ինձ այս կարգավիճակում շատ լավ եմ զգում: Իրականում լավ առաջարկների դեպքում չեմ հրաժարվի, բայց այս ընթացքում հասցրել եմ նաև վերարժևորել ունեցածս ու ավելի երկար մտածել ապագայի մասին»:
Ջուլիա Սաղաթելյանն այս պահին արդեն իսկ մեծ ծրագրեր ունի, որոնց առաջին քայլերն արված են.
«Սեպտեմբերից կբացվի իմ մանկական թատերական խմբակը, որի հաջողության դեպքում կստեղծեմ մանկական թատրոն: Այս նախագիծս իրականացնելու եմ ընկերներիս հետ միասին, ովքեր ապրում են ԱՄՆ-ում և Ֆրանսիայում և արդեն իսկ այնտեղ ունեն նման խմբակներ: Հետագայում իմ խմաբկի երեխաները հյուախաղերով կմեկնեն նրանց մոտ, և համապատասխանաբար՝ իրենց սաներն էլ կգան այստեղ, փորձի ու աշխատանքի փոխանակում կունենանք, որը երեխաների մեջ կզարգացնի մշակութային կուլտուրան, սփյուռքի երեխաներին էլ ավելի կմոտեցնի հայրենիքին»,- պատմեց դերասանուհին:
Պարզվում է Ջ. Սաղաթելյանը վաղուց է նման թատերական խմբակ բացելու մտահղացում ունեցել.
«Հայաստանում շատ դժվար է սեփական որևէ գործ հիմնելը, ընդ որում դժվար է թե ֆինանսական, թե այլ տեսանկյունից: Արդեն չորս տարի է, ինչ այս գաղափարն ունեմ, բայց սկզբում վախենում էի: Սակայն ցանկությունս մեծ էր, քանի որ պատկերացնում էի, թե ինչ որակի  կրթություն էի տալու երեխաներին: Ցավում եմ, բայց Հայաստանում քիչ են մտածում երեխաների մասին, մենք առաջին հերթին մեր մասին ենք մտածում, բայց չէ որ երեխաներն են առաջնայինը, քանի որ մեր վաղվա ապագան իրենք են: Շատ կարևոր է, որ մեր երեխաները ունենան բարձր մակարդակի կրթություն ու ամենակարևորը ցանկություն ունենան այստեղ՝ Հայաստանում ապրելու: Երեխաները պետք է զարգանան բոլոր ասպարեզներում, ինչն էլ ինքս եմ փորձելու իրականացնել մեր խմբակում»,- ընդգծեց դերասանուհին:
Ջուլիա Սաղաթելյանը վստահեցնում է՝ բարձր ամսավճար իր խմբակում չի լինելու.
«Ես արդեն իսկ մի քանի դպրոցներում եմ եղել, զրուցել տնօրենների և ծնողների հետ: Երբ ծնողներին ասում էի, որ մեր  գումարը շատ քիչ է կազմելու՝ ընդամենը 10.000 դրամ, նրանցից շատերը զարմանում էին, քանի որ համեմատում էին գործող մյուս խմբակների հետ ու ասում, թե ի՞նչ ենք սովորեցնելու այդքան քիչ գումարի դիմաց: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր  դժվարությամբ են պատկերացնում նույն 10.000 դրամի վճարումը: Ես կոնկրետ շատ գումարով հետաքրքրված չեմ, ինձ պետք է, որ երեխաները շատ լինեն, քանի որ որքան շատ երախա կրթվի, այնքան շատ զարգացած սերունդ կունենանք ապագայում և այնքան ավելի շատ նրանք կցանկանան հոգևոր սնունդ ստանալ»,- նշեց նա:
Ջուլիա Սաղաթելյանն անձամբ կդասավանդի, սակայն հետագայում խմբակի ընդլայնման դեպքում, ուսուցիչները ևս կավելանան:
Մեկնաբանություններ
loading...